Փոքրիկ քայլերի արվեստը

   Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու առավել հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ճիշտ տնօրինել ժամանակը:

 

  Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին, ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ Քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

 

  Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները՝ ո՛չ անցյալի և ո՛չ էլ ապագայի հետ կապված, չեն կարող օգնել: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն՝ որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ ընթանա:

 

 

  Օգնիր ինձ ընդունել, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները կյանքում բնական երևույթներ են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

 

  Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Անհրաժեշտ պահին ինձ մոտ ուղարկիր ինչ-որ մեկին, ով քաջություն կունենա ասելու ճշմարտությունը, բայց ասելու այն սիրելով: Ես գիտեմ, որ երբեմն որոշ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն:

 

  Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

 

  Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ նորից խնդրում եմ ` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

 

 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի