Հովնանը և մեծ ձուկը

  Մի անգամ Աստված խոսեց Ամաթի որդի Հովնանի հետ և ասաց. «Վե՛ր կաց և գնա՛ Նինվե մեծ քաղաքն ու քարոզի՛ր այնտեղ, որովհետև նրա չարության համբավը ինձ հասավ»: Սակայն Հովնանը վախեցավ այդ քաղաքի բնակիչների չարությունից և որոշեց փախչել Աստծո ներկայությունից: Նա Թարսիս գնացող մի նավ գտավ, գինը վճարեց և ճանապարհ ընկավ:

 

 

  Սակայն Տերը հողմ բարձրացրեց ծովում, և մեծ փոթորիկ եղավ. նավը խորտակվելու վտանգի մեջ էր: Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրը սկսեց  օգնության կանչել իր Աստծուն։ Հովնանն այդ ժամանակ նավի մի անկյունում խոր քուն էր մտել: Նավապետը մոտեցավ նրան և հորդորեց դիմել իր Աստծուն և օգնություն խնդրել:

 

  Նավաստիները որոշեցին վիճակ գցել և պարզել, թե ում պատճառով է այս ահավոր քամին բարձրացել: Վիճակն ընկավ Հովնանին: Այդ ժամանակ Հովնանը խոստովանեց. «Ինձ ծովը գցե՛ք, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս մեծ փոթորիկը ձեզ վրա հասել»: Նավաստիները վերցրեցին և ծովը գցեցին նրան, ու ծովը հանդարտվեց:

 

 

  Տերը խոշոր կետ ձկանը հրամայեց կուլ տալ Հովնանին։ Հովնանը երեք ցերեկ և երեք գիշեր ձկան փորում մնաց: Այնժամ Հովնանը կետի փորի միջից աղոթեց Տեր Աստծուն և ասաց. «Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն, և Նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից»: Եվ երբ Հովնանը վերջացրեց իր աղոթքը, Տերը հրամայեց ձկանը Հովնանին ցամաք նետել:

 

  Եվ Տերը երկրորդ անգամ խոսեց Հովնանի հետ և ասաց. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը ու այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տվեցի քեզ»: Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերն ասել էր նրան, և սկսեց քարոզել՝ ասելով. «Եվս քառասուն օր, և Նինվեն պիտի կործանվի»:

 

 

  Նինվեի բնակիչները հավատացին Աստծո պատգամին, ծոմ հայտարարեցին ու մեծից մինչև փոքր քուրձ հագան»: Լուրը հասավ Նինվեի թագավորին: Նա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծների հրամանով ամբողջ Նինվեում հայտարարվեց. «Մարդ և անասուն, արջառ ու ոչխար ոչինչ չճաշակեն, չարածեն ու ջուր չխմեն. Այլ մարդիկ ու անասունները քուրձով ծածկվեն և ամբողջ սրտով աղաղակեն առ Աստված, և ամեն մարդ ետ դառնա իր չար ճանապարհից ու իր ձեռքերում եղած անիրավությունից: Ո՞վ գիտի, գուցե Աստված ետ դառնա ու զղջա և ետ կանգնի իր սաստիկ բարկությունից, ու մենք կորստի չմատվենք»: Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, ու զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե անելու է նրանց, և չարեց:

 

Աստված ցանկանում է, որ մարդիկ ետ դառնան իրենց չար ճանապարհներից և ապաշխարեն: