Աստված խոնարհվեց, որ մարդը բարձրանա

Առաքինությունները բախում են Աստծո սրտի դռները, բայց խոնարհությունն է բացում դրանք: Օգոստինոս Երանելի

 

   Մեր օրերում շատ են խոսում խոնարհության մասին՝ հաճախ այն շփոթելով խեղճության, անինքնավստահության, ինքնանվաստացման և նման այլ բաների հետ: Սակայն խոնարհությունը քրիստոնեության մեծագույն առաքինություններից մեկն է: Պողոս պատրիարք Ադրեանապոլսեցին գրում է. «Այն (խոնարհությունը) ոչ թե հոգու անզորության, այլ արիության, ոչ թե մտքի հիմարության, այլ մտքի իմաստության և ոչ թե կամքի թուլության, այլ ուղիղ լինելու նշան է: Որովհետև վախկոտը, հիմարն ու մոլին երբեք չեն խոնարհվի, քանզի չունեն զորություն՝ հաղթահարելու հպարտության ու բարկության կրքերը»:

 

 

   Խոնրահության լավագույն օրինակը մեզ տվեց հենց Ինքը՝ Աստված՝ խոնարհվելով Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա խոնարհությունը հասավ մինչև խաչ, որի վրա Նա մահացավ՝ մեր մեղքերի համար: Պողոս առաքյալը գրում է. «… Իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման եղավ. և մարդու կերպարանքով լինելով Ինքն իրեն խոնրհեցրեց, մահվանը հնազանդվեց, անգամ խաչի մահվան: Դրա համար էլ Աստված Նրան խիստ բարձրացրեց և Նրան տվեց մի անուն, որ բարձր է բոլոր անուններից» (Փիլիպեցիներին 2.7-9): Քրիստոսն իր խոնարհությունն այսպես ցույց տվեց և մեզ էլ հորդորեց, որ Իրենից սովորենք և Իր նման լինենք: Նա խոնրահվեց, որպեսզի մենք բարձրանանք: Սակայն դրա համար պետք է, որ մենք էլ կարողանանք խոնարհվել:

 

   Ուրեմն, սիրելի՛ ընթերցող, եթե Աստված Իրեն խոնարհեցրեց քեզ համար, դու ինչո՞ւ չես ուզում խոնարհվել, այլ պարծենում ես հպարտանալով:

Լիլիթ Անտոնյան